Ժամանակի եվրոպական հաշվարկով հունիսի 13-ին Չիլիում մեկնարկել է հավաքականների մակարդակով ֆուտբոլային ամռան ընթացիկ տարվա գլխավոր մրցաշարը` Ամերիկայի գավաթը: Ավանդաբար այն անցկացվում է աշխարհի առաջնությանը հաջորդած տարում` հնարավորություն տալով դրան չմասնակցած հարավամերիկյան աշխարհամասի երկրներին նույնպես երևալ ֆուտբոլային հանրությանը:
Ամերիկայի գավաթի վերջին չեմպիոնը Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010-ին անցկացված աշխարհի առաջնությունում փայլատակած ՈՒրուգվայի ընտրանին էր, որը, աստղային Դիեգո Ֆոռլան-Լուիս Սուարես-Էդինսոն Կավանի եռյակի գլխավորությամբ տասնհինգերորդ անգամ արժանացավ պատվավոր տիտղոսին` եզրափակչում տասնմեկմետրանոցներով (հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1) հաղթելով առաջնության տանտերերին` արգենտինացիներին: Այս տասնհինգը ռեկորդային ցուցանիշ է, որին, ի դեպ, դեռևս չի հաջողվում հասնել և ոչ մի հավաքականի: Բնականաբար նրանց թվում են թե՛ աշխարհի հնգակի չեմպիոնները (ունեն ութ այդպիսի տիտղոս), թե՛ Արգենտինայի ընտրանին, որը բրազիլացիներից ավելի հաջողակ է:
Ֆավորիտների առումով ընթացիկում սկզբունքորեն նորություն չկա: ՈՒժեղագույնն այս երեք ընտրանիներից մեկը պիտի որ լինի: Թերևս կարելի է ավելացնել և մեքսիկացիներին, ովքեր ավանդաբար լավ են հանդես գալիս այս առաջնությունում, ու վերջ: Հետաքրքիր է նկատել, որ գավաթի խաղերին հրավիրված է Ճամայկայի հավաքականը (այն մի անգամ էլ է մասնակցել), փոխարենը, որքան էլ զարմանալի է, հրավիրվածների մեջ չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանին: Նկատենք, որ հենց ԱՄՆ-ում է անցկացվելու գավաթի հերթական խաղարկությունը, և դա լինելու է հաջորդ տարի զուտ այն պատճառով, որ 2016-ին լրանալու է ֆուտբոլային աշխարհի հնագույն առաջնության հարյուր տարին:
Առաջնության մասնակիցները բաժանված են երեք խմբի: Առաջինում կամ A խմբում են Չիլիի, Մեքսիկայի, Էկվադորի, Բոլիվիայի ընտրանիները: B խմբում են Արգենտինայի, ՈՒրուգվայի, Պարագվայի, Ճամայկայի, C-ում` Բրազիլիայի, Կոլումբիայի, Պերուի, Վենեսուելայի հավաքականները: Արդեն խաղացվել է երկուական տուր: A խմբում չորսական միավորով առաջատարները Չիլիի (հաղթել են ուրուգվայցիներին` 1:0, 3:3 են խաղացել մեքսիկացիների հետ) ու Բոլիվիայի (3:2 հաշվով հաղթել են էկվադորցիներին, 0:0 են խաղացել մեքսիկացիների հետ) հավաքականներն են: B խմբի առաջատարներն Արգենտինայի (հաղթել են ուրուգվայցիներին` 1:0, 2:2 են խաղացել պարագվայցիների հետ) ու Պարագվայի (հաղթել են ճամայկացիներին` 1:0) ընտրանիներն են: Նրանց ակտիվում նույնպես չորսական միավոր է: C խմբի առաջին երեք հորիզոնականներում են երեքական միավոր ունեցող Վենեսուելայի (հաղթել են կոլումբիացիներին` 1:0), Բրազիլիայի (2:1 հաշվով հաղթել են պերուացիներին, 0:1 հաշվով պարտվել կոլումբիացիներին) ու Կոլումբիայի հավաքականները: Միակ թիմն այստեղ, որ դեռևս միավոր չունի, Պերուի ընտրանին է, որն արդեն այսօր վաղ առավոտյան հանդիպում է ունեցել Վենեսուելայի հավաքականի հետ: Փաստորեն, այդ հանդիպումով էլ բոլոր խմբերում ավարտված կլինի Ամերիկայի գավաթի երկրորդ տուրը:
Խմբայիններից play-off դուրս կգան առաջին երկու տեղերը գրավածները` վեց թիմ: Նրանց կմիանան այդ նույն խմբայիններում լավագույն արդյունք ցույց տված ու երրորդ տեղը գրաված երկու թիմերը: Մեկ քառորդը կմեկնարկի հունիսի 25-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ